Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2022 թ. քաղցկեղի 10.000 նոր դեպք կգրանցվի Հայաստանում

2022 թ.  քաղցկեղի 10.000 նոր դեպք կգրանցվի Հայաստանում

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Հենց այս առիթով մամուլի ասուլիս էր հրավիրել  Ազգային ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Հայրապետ Գալստյանը:

 

«Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների, 2020 թվականին կանխատեսվում է  ուռուցքային հիվանդությունների 20  մլն նոր դեպք: Իսկ Հայաստանում, ըստ մեր հաշվարկների, կարձանագրվի  մոտ 10.000 նոր հիվանդ»,- ասաց Ազգային ուուցքաբանական կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը: Բանախոսը վստահեցնում է, որ այս թիվը խուճապի առիթ չէ: Չարորակ ուռուցքն անգամ դատավճիռ չէ, այն բուժման ենթակա է: Սակայն ավանդական, պապենական մեթոդներին բժիշկը խորհուրդ է տալիս չդիմել, քանի որ տարբեր գիտականորեն ոչ հաստատված մեթոդները` սիսեռաբուժություն, միզաբուժություն, կաթնաշոռաբուժություն և այլն, շուտով կարգելվեն ԱՀԿ կողմից պաշտոնապես:


«Հայաստանում տղամարդկանց շրջանում գերակշռում է թոքերի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում առաջատար է կրծքագեղձի քաղցկեղը: Իսկ 10 տարի անց ավելի հաճախ կհանդիպեն  նաև  միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը»,- հավելեց Հայրապետ Գալստյանը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին համալրվել է մի քանի ախտորոշիչ և բուժական ժամանակակից նոր սարքավորումներով: Կենտրոնում իրականացվում են բոլոր օրգանների բավական բարդ վիրահատություններ: «2013թ. կենտրոնում կատարվել է 3.466 վիրահատություն, քիմիաթերապիա է ստացել 4.713 հիվանդ, իսկ ճառագայթային բուժում անցել է 1.112-ը: Քիմիաթերապիան ներկայումս կատարվում է միջազգային չափորոշիչներով և նոր սերնդի քիմիապրեպարատներով»,- փաստեց Հայրապետ Գալստյանը: Իր խոսքին ավելացրեց նաև, որ կենտրոնը կարող է կիրառել նորագույն մեթոդներ, սակայն դրանք այնքան թանկ են, որ ո՛չ պետությունն է ի վիճակի տրամադրել, հաճախ՝ ո՛չ էլ հիվանդը: Օրինակ, քիմիապրեպարատի մեկ ներարկումը կարող է արժենալ 3000 եվրոյից ավելին: Հայրապետ Գալստյանը վստահեցնում է, որ պետությունը շարունակում է մասնակիորեն ֆինանսավորել հիվանդներին, սակայն ամբողջովին իր վրա վերցնել թանկարժեք բուժումը, ի վիճակի չէ: 


«Քաղցկեղի կանխարգելման գլխավոր նախապայմանն առողջ ապրելակերպն է: Պետք է սահմանափակել խմիչքը, ուշադրություն դարձնել սննդի ռեժիմին, խուսափել ապխտած կերակրից և ճարպերից, ֆիզիկական ակտիվություն ապահովել»,- ասում է Հայրապետ Գալստյանը:


Ի դեպ, հանրապետության գլխավոր ուռուցքաբանը կարևորեց նաև Ազգային ուռուցքաբանական կենտրոնի վերանորոգման հարցը: Չնայած բանախոսը խուսափեց որակումներ տալուն, բայց շենքն իսկապես անմխիթար վիճակում է, քանի որ 1980թ. շահագործման հանձնելուց հետո այն չի նորոգվել: Հայրապետ Գալստյանի խոսքով վերջին փաստը բոլորովին չի ազդում բուժման սպասարկման որակի վրա և այդ մասին է վկայում այն, որ այսօր կենտրոնի հսկողության տակ գտնվող ավելի քան 35.000 հիվանդներից շուրջ 20 հազարի մոտ բուժումից անցել է 5 և ավելի տարի, և նրանք համարվում են գործնականում առողջ մարդիկ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ